Քանի՞ երկրում կա Ձեր նման նախարար՝ ոչ մի. Ձեզ սխալ դաս են տվել. Էդմոն Մարուքյանը՝ Հրայր Թովմասյանին
«Եթե օրինակներ են բերվում, թե քանի երկրում կա էսպիսի բան, քանի երկրում կա էնպիսի բան, ապա քանի՞ երկրում է եղել Ձեզ նման նախարար, ոչ մի: Քանի՞ երկրում է եղել Ձեզ նման հանձնաժողովի նախագահ, ոչ մի»: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին:
Հրայր Թովմասյանը բերել էր այլ երկրների օրինակներ, որտեղ պատգամավորներն իրավունք չունեն անարգել մուտք գործել քրեակատարողական հիմնարկներ:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով:
«Քաղաքական մեծամասնության իրավունքներն անսահմանափակ չեն: Դուք չեք կարող ասել՝ մենք մեծամասնություն ենք և ինչ ուզում՝ անում ենք… Չգիտեմ՝ ով է Ձեզ դաս տվել, ով է այդ թեզը մտցրել, բայց չկա նման բան: Ամբողջ աշխարհի իրավական միտքը գիտի, որ քաղաքական մեծամասնության իրավունքները սահմանափակված են քաղաքական փոքրամասնության իրավունքներով… ասում եք՝ մենք շատ ենք, մենք այսպես ենք մտածում և վերջ: Սա ձև չի»,- ընդգծեց Մարուքյանը: