«Փաստ». Վառելանյութի գները սկսել են բարձրանալ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ներքին շուկայում հեղուկ վառելանյութի գները վերջին օրերին սկսել են դանդաղորեն բարձրանալ։
Թանկացել է բենզինը. ահազանգում են վարորդները: Նրանք բողոքեցին, որ բենզինի գինն օգոստոս ամսվա վերջին բարձրացել է 10 դրամով, գնի բարձրացում արձանագրվել է նաև հաջորդ ամիսներին: Այսպիսով՝ բենզինի գինը, վերջին երկու ամսում բարձրացել է 20 դրամով:
Բենզինի թանկացման վերաբերյալ բողոքներ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունն առայժմ չի ստացել. «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Փորձագետը, սակայն, բացատրում է, որ բենզինի գինը մեր երկրում միշտ էլ տատանողական է եղել:
«Միշտ էլ բենզինի գինն անկանոն է եղել մեր երկրում: Բենզինի գները մի շարք հարցեր ունեն իրենց մեջ, որոնք դեռ պարզաբանված չեն, գնի փոփոխությունները մի փոքր խնդրահարույց են և մի բենզալցակայանում բենզինի գնի 5 կամ 10 դրամ գնաճը դեռևս հիմք չէ ոլորտի մասին գնահատական տալու համար: Պետք է հասկանալ՝ ո՞վ է խաղեր տվողը և ինչի՞»,-հարց բարձրացրեց Պիպոյանը: Նրա խոսքով՝ բենզինի շուկայում մրցակցություն չկա, ինչն էլ նման իրավիճակ է ստեղծում:
«Պետությունը ոչ թե պետք է ցույց տա բիզնեսմենների կլուբը և ասի, որ այս մարդկանց հետ աշխատելու ենք, այլ առանց այդ մասին հեռուստացույցով ցույց տալու ասեն՝ այնտեղ էժան բենզին կա, դե գնացեք բերեք»,– ներկայացրեց նա:
Բաբկեն Պիպոյանը նշեց, որ խնդրի կարգավորման հարցում մեծ է կառավարության դերը: Քանի դեռ պետությունը քայլեր չի ձեռնարկում, բենզինի շուկայում գնային տատանումները շարունակվելու են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում