«Փաստացի Հայրապետյանին սպանել են. մահվան փաստով գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող». փաստաբան
Հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի փաստաբան Դավիդ Խեչանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի հարազատները չեն համաձայնել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործը:
«Նրա հարազատները չեն համաձայնվի կարճել գործը: Մահվան փաստով գործի դադարեցման մասին խոսք լինել չի կարող»:
Այդ մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է փաստաբանը:
Նա հիշեցրել է, որ Հայրապետյանը մեղադրվում էր Բաշնեֆթի և Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու համար:
«Եվ ես, և հարազատները հակված են, որ գործը մինչև վերջ ընթանա»,-ասել է փաստաբանը:
Դավիդ Խեչանը ասել է, որ հայկական ավանդույթի համաձայն, Հայրապետյանը կհուղարկավորվի երեք օր անց: Մահացածի մարմինը կհանձնեն հարազատներին:
«Փաստացի նրան սպանել են»,-ասել է փաստաբանը, Հայրապետյանին կալանավորելու և անազատության մեջ պահելու որոշումը համարելով անօրինական:
Դ. Խեչանը նշել է, որ Լևոն Հայրապետյանը որևէ հոդվածով իրեն մեղավոր չի ճանաչել: