Կարագ ներկրողները գի՞ն են պայմանավորվել
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016թ-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել 4650,4 տոննա կարագ, որի ընդհանուր արժեքը կազմել է 16,5 մլն դոլար: Ըստ այդմ, 1 կիլոգրամ կարագը ներմուծվել է միջինում 3,55 դոլարով, ընդ որում տրանսպորտային ծախսերը կազմել են կիլոգրամի համար շուրջ 0,3 դոլար:
Նույն տարվա ընթացքում, Հայաստանում կարագի մանրածախ միջին գինը կազմել է 6,17 դոլար՝ 1 կիլոգրամի դիմաց: Ըստ այդմ, Հայաստանում վաճառված յուրաքանչյուր 1 կգ կարագից ներմուծողները և վերավաճառողները մեկ կգ-ից ստացել են մոտ 1 260 դրամ մաքուր շահույթ:
Ընդհանուր առմամբ, 2016թ. ընթացքում ներմուծված 16,5 մլն դոլար արժեքով կարագից ներմուծողները ստացել են 12,2 մլն դոլարի շահույթ: Հավելենք, որ նման բարձր շահութաբերություն ոչ բոլոր ոլորտներում և ոչ շատ երկրներում է հանդիպում: Սա պարզապես խոսում է ներկրողների ամուր հիմքերի և այս ոլորտում համաձայնեցված քաղաքականության մասին:
Թեև պաշտոնապես ոլորտում գերիշխող դիրք ունեցողներ չկան, սակայն շատ քիչ տնտեսվարողներ են մեծ քանակով կարագ ներկրում և ելնելով, թե ինչպիսի շահույթ կա ոլորտում, կարող են պարզապես գնի վերաբերյալ պայմանավորվել. այս երևույթը հաճախ է տեղի ունենում Հայաստանում:
Ինչ վերաբերում է ընդհանուր սպառողական թանկացումներին, ապա այս տարվա 9 ամիսներին սպառողական ապրանքների գնաճը կազմել է 0.6%, սեպտեմբերին՝ 0.2%, սննդամթերքի գների աճը կազմել է 3.8%, ոչ պարենային ապրանքների շուկայում 1.3% գնաճ է արձանագրվել, սեպտեմբերին կոշկեղեն-հագուստ ապրանքները 5.6%-ով են թանկացել, իսկ մսամթերքը՝ 6.6%-ով:
Նշենք, որ միջազգային շուկայում թանկացել է հատկապես նորզելանդական կարագը:
Կանխատեսումներ կան, որ կարագի գնաճը շարունակվելու է հասնելու է մեկ կգ-ի դիմաց 6 հազար դրամի: