«Ժողովուրդ». Իլհամ Ալիևն ուշագրավ հայտարարություն է արել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուշագրավ հայտարարություն է արել: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին՝ նա նշել է. «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:
Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Ալիև երկու հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Բայց Ադրբեջանը համառորեն հրաժարվում էր պայմանավորվածությունը կատարելուց:
Ու հիմա, ըստ Ալիևի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները և ՀՀ-ն համաձայնել են ամեն ինչ սկսել զրոյից: Նշենք, որ հայկական կողմը երեկ չէր արձագանքել Ալիևին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին, ենթադրվում է, որ կմասնակցեն նաև Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում