Թանկացումները պատգամավորների գրպանին չեն հարվածել. նրանք տեղյակ չեն գնաճից
Չգիտեմ, չեմ տեսել, ոչինչ չեմ լսել: Մոտավորապես այսպիսին էր այսօր Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավորների պատասխանները՝ թանկացումների մասին:
Նկատենք, որ վերջին շրջանում սպառողական շուկայում թանկացումներ են եղել: Այս մասին, ի դեպ, հայտարարել է նույնիսկ ՏՄՊՊՀ-ն: Սակայն այդ թանկացումները, հավանաբար, խորհրդարանականների գրպանների վրա այդքան էլ շոշափելի հետևանքներ չեն թողել:
Մասնավորապես՝ Հանրապետականներից Հակոբ Բեգլարյանն ասաց. «Էսօր իմ հետ գործ չունեք»: Թե ինչո՞ւ, ակնհայտ է՝ թանկացումներից չի ուզում խոսել՝ «Ես տեղյակ չեմ, ի՞նչ թանկացում»,- հարցին հարցով պատասխանեց Բեգլարյանը:
Թանկացումներից անտեղյակ էր նաև ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ Ռոբերտ Սարգսյանը. «Ոչ, ես տեղյակ չեմ»,- ասաց նա:
Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ գնաճի մասին չգիտի, քանի որ նոր է վերադարձել Հանրապետություն, իսկ տան գնումներն էլ միայն կինն է անում. «Ես տեղյակ չեմ թանկացումներից, կինս ինձ դեռ չի զեկուցել: Կծանոթանամ ու նոր տեսակետ կասեմ»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Ամեն դեպքում նա չի կարծում, թե թանկացումները սոցիալական բունտի կհանգեցնեն:
Երկրում չի եղել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Նա ևս չգիտի, որ Հայաստանում իր բացակայության ընթացքում թանկացումներ են եղել:
Գնաճից անտեղյակ էր նաև Հանրապետական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը. «Ես տեղյակ չեմ թանկացումներից»,-ասաց նա:
Այն, որ Հայաստանում ապրանքների գներն, այնուամենայնիվ, բարձրացել են, գիտեր միայն Հանրապետական, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Նրա կողմից, սակայն, մեկնաբանություններ չեղան: Նա նշեց միայն, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է եղել. «Առաջիկայում կխոսենք այս մասին»,-ասաց Գրիգորյանը՝ չմանրամասնելով, թե ում հետ և ինչ քննարկումներ են եղել, երբ ԱԺ պատգամավորները, փաստորեն, տեղյակ չեն թանկացումներից: