Հերիք է մի գիշերվա մեջ որոշումներ կայացնենք, տղերք, ձեռ եք առնում. Արամ Սարգսյան
«Ուզում եմ հակադարձել պարոն Աշոտյանին և ասել, որ այսօր նման հարց քննարկելու համար հանձնաժողով է պետք ստեղծել և երկար ժամանակ է պետք, հերիք է մի գիշերվա մեջ որոշումներ կայացնենք»։
ԱԺ-ում այսօր ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագծին։
«Խոսվում է խրամատներից, արևմուտ-ռուսաստաններից, տղերք, ձեռ եք առնում, ռուսական խրամատում նստել եք, մեզ եք ասում խրամատ մի ստեղծեք։ Որևէ պարագայում, որևէ դեպքում հակադրվել եք երբևէ Ռուսաստանին։ Եղել է ինչ որ բան, որ իրենց ոչ ասեք, չի եղել, նման բան։ Խոսվում է գազի մասին, Ուկրաինան Ռուսաստանի հետ համարյա պատերազմական վիճակում է, Ուկրաինայում գազի գինը նույնն է, ինչ որ Հայաստանում։ Այն դեպքում, որ Ուկրաինան այլընտրանքային գազամուղի հնարավորություն չունի, միայն Ռուսաստանից է։ Իսկ Հայաստանն այդ հնարավորությունն ունի Իրանից»,- իր ելույթում ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ի վերջո, Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, և դրանք երկար են տևելու:
«էդ արևը Ռուսաստանի հետ մեր վրա էլ չի բացվելու»,-ընդգծեց Արամ Սարգսյանը։