Ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու համար էր. Նիկոլ Փաշինյան
«Եթե եղած-չեղած ամեն ինչ վատ էր լինելու, էլ ԵՏՄ-ն ինչի՞ համար է, տիկնայք և պարոնայք»: ԱԺ-ում այդ մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով այն հայտարարություններին, թե ԵՏՄ-ն լիներ, թե չլիներ, Հայաստանի վիճակն այս էր լինելու:
Նրա խոսքով՝ ժամանակն է ասել, թե ապրիլյան պատերազմն ինչի մասին էր:
«Այդ պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր: Այն, ինչի մասին պայմանավորվել էին, և Ադրբեջանն ավելի լուրջ տարածքային հաջողություններ ունենար, դրա դիմաց վճարելու էր ԵՏՄ անդամակցությամբ»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ տեղի էր ունենալու այն, ինչ ԽՍՀՄ ձևավորման առաջին օրերին տեղի ունեցավ:
«Սա շատ պարզ տրամաբանություն է, չեք ուզում, մի՛ նկատեք: ԵՏՄ փիլիսոփայության հիմքում սա է դրված՝ արա, էս անկախությունն էս ի՞նչ էր մեր գլխին, էս որտեղի՞ց եկավ: Եվ եթե այս տրամաբանությունը ձեր պնդմամբ, կիսում է հանրապետության բնակչության մեծամասնությունը՝ մենք էդ ենք ասում՝ Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակված: Եվ ԵՏՄ-ն ամենաթանձր ամպն է, որ կարող է Հայաստանի գլխին կուտակվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: