«Ցանկանում եմ, որ մեր տարեցները առողջ, երկար և արժանապատիվ կյանքով ապրեն». Արտեմ Ասատրյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շատ է ցանկանում, որ մեր տարեցները առողջ, երկար և արժանապատիվ կյանքով ապրեն՝ շրջապատված իրենց զավակներով, թոռներով: Նա այդ մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ շնորհավորելով տարեցներին միջազգային օրվա առիթով:
Նախարարի խոսքով՝ մեր բնակչության շուրջ 11 տոկոսը տարեցներն են:
Արտեմ Ասատրյանը նշեց, որ ակտիվ քննարկումների փուլում են գտնվում այն հարցերը, թե ինչպես անել, որ տարեցները երկար ժամանակ լինեն աշխատաշուկայում: Նրա խոսքով՝ սա իսկապես հիմնախնդիր է, հատկապես երբ այսօր առկա է երիտասարդների գործազրկության խնդիրը:
Նախարարը նկատեց, որ հարցին կարողանում են լուծում տալ հատկապես այն աշխատատեղերը, որոնք առավելապես կարող են զբաղեցված լինել տարեց մարդկանցով, և այդ աշխատատեղերում ձգտումները երիտասարդների հետ կապված ավելի քիչ են:
«Տարեցներն ունենալով բազմամյա փորձ՝ խնդիր ունեն նաև ինտեգրված լինել հասարակությանը: Այս առումով կարևոր է ոչ միայն խնամքի ծառայությունների բարելավումը, այլև տարեցների ներուժը հնարավորինս օգտագործելը»,- նշեց նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ մեկ տարվա ընթացքում աշխատանքներ են տարել համայնքների հետ, վերլուծել են տարբեր մարզերում տարեցներին անհրաժեշտ ծառայությունների տեսականին և արդեն համայնքների ղեկավարների, մարզպետերի հետ նախագծվել են տվյալ բնակավայրում, համայնքում տարեցների հետ կապված համատեղ որոշակի ծրագրեր:
«Այս առումով առաջիկայում կունենանք առարկայական լուծումներ»,- ասաց Արտեմ Ասատրյանը: