Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր
ԱԱԾ նախին տնօրեն, գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12.00-ից 14.00-ն ՀՀ ԱԱԾ վարչական շենքի ակումբում։
Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Գ.Հակոբյանը կյանքից հեռացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին՝ ծանր հիվանդությունից հետո:
նա ծնվել է 1946թ. Լենինական (Գյումրի) քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1969 թվականից ծառայել է անվտանգության մարմինների համակարգում: Մասնագիտական կրթություն է ստացել անվտանգության մարմինների հատուկ ուսումնական հաստատություններում: Զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերատիվ լիազորից հասնելով մինչև ստորաբաժանման ղեկավար: 2002-2004թթ. զբաղեցրել է ՀՀ ազգային անվտանգության մարմինների ղեկավարի տեղակալի, իսկ 2004թ. նոյեմբերից մինչև 2016թ. փետրվարը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը:
2016թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական: