«Հրապարակ». Քրոջ փեսա, աներձագ. Արցախի նոր կառավարությունում Բակո Սահակյանի ազգուտակն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի մեր աղբյուրները հայտնում են, որ նոր կառավարությունում պատահական մարդիկ գրեթե չկան։ Այստեղ Բակո Սահակյանի ազգուտակն է, ծանոթ-բարեկամները։
Արցախի կառավարության ցանկը համալրվել է բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությամբ, նախարար է նշանակվել Վազգեն Միքայելյանը՝ Բակո Սահակյանի աներձագը, ով նախկինում ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի խորհրդականն էր։
Փոխվել է էկոնոմիկայի նախարարության անունը՝ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն, նախարար է նշանակվել Բակո Սահակյանի քրոջ փեսա Լևոն Գրիգորյանը՝ փոխարինելով Անդրանիկ Խաչատրյանին: Գրիգորյանը նախկինում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն էր:
Մշակույթի նախարարությունը վերանվանվել է մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության, նախարար է նշանակվել Սերգեյ Շահվերդյանը՝ փոխարինելով Նարինե Աղաբալյանին։ Վերջինս ԿԳ և սպորտի նախարար է նշանակվել։ Սերգեյ Շահվերդյանը ևս պատահական մարդ չէ, Բակո Սահակյանի ազգականն է՝ նախկինում զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետն էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում