Շատ փակ ճանապարհներ կբացվեն, ժողովուրդները շփման կարիք ունեն. նախարարը լավատես է
Լարսի ճանապարհին վրացական կողմն ավելացրել է ճանապարհները մաքրող միջոցները: Այդ մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագծային աշխատանքներ են գնում այդ հատվածում թունելի կառուցման ուղղությամբ, և մյուս տարվանից կսկսի թունելի կառուցումը, որը կտևի երեք տարի:
«Այլընտրանքային ճանապարհը ոչ միայն ցամաքային ճանապարհն է, այլ նաև լաստանավային ճանապարհը: Ինչ վերաբերում է ցամաքային այլընտրանքային ճանապարհներին, ապա դա գտնվում է երկու այլ պետությունների տարածքում: Մենք կարող ենք միայն իրենց հետ աշխատելով գտնել լուծում, մենք չենք կարող առաջարկ ներկայացնել Վրաստան-Ռուսաստան ավտոճանապարհի կառուցման առումով»,-ասաց նա՝ հավելելով, որ քննարկումներ են ընթանում հարևան պետությունների հետ, որպեսզի Լարսի անցումը հարյուր տոկոսանոց բաց լինի:
Վահան Մարտիրոսյանը նաև նկատեց, որ ինքն անձամբ լավատես է և վստահ է, որ ուշ թե շուտ ոչ միայն Վրաստանով դեպի Ռուսաստան, այլև ամբողջ աշխարհում շատ փակ ճանապարհներ կբացվեն, քանի որ ժողովուրդները շփման կարիք ունեն: