Խոշոր ծառահատները գյուղացիներին օգտագործում են՝ իրենց բիզնեսի շահից ելնելով
«Բոլոր այն մարդիկ, ովքեր նախարարությունից պահանջում էին՝ խստացնել ռեժիմը, բացառել ծառահատումները, և երբ սկսում ենք լիարժեք գործել, բացառել դրանք, հայտնվում են մարդիկ, որ քննադատություններ են հնչեցնում, թե դա մեր ապրուստի միջոցներն են»:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Հաղարծինի բնակիչների կողմից ճանապարհների փակելուն:
Նախարարը համաձայն չէ քաղաքացիների այն դժգոհությունների հետ, ըստ որի՝ խոշոր ծառահատներին թողած՝ կառավարությունն ընկել է իրենց հետևից: Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ խոսքը ձմռան վառելափայտը հոգացողների մասին չէ: Ըստ նրա, կան մարդիկ, ովքեր, օգտագործելով քաղաքացիներին ու գյուղացիներին, նրանց հանում են փողոցներ և փորձում են իրենց անձնական բիզնես շահը ներկայացնել:
«Խորհրդակցություններ են եղել նախագահի, վարչապետի մոտ և այս առումով շատ կոշտ ու կտրուկ են լինելու: Անընդունելի է, երբ քաղաքացիներին օգտագործելով` որոշ մարդիկ կազմակերպած բիզնես են իրականացնում»,-ասաց նախարարը:
Արծվիկ Մինասյանը նշեց նաև, որ հաշվի առնելով բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, դրամաշնորհային ծրագրեր են իրականացնում անտառամերձ համայնքներում և մտադիր են նաև էներգախնայողության ծրագրեր իրականացնել:
«Հայաստանը անտառային տարածքներով հարուստ չէ, մեր անտառային տարածքները պահպանային նշանակության անտառներ են: Չենք կարող այսօր կտրել ծառերը և մտածել, թե վաղը լավը կարող է լինել»,-ասաց նա՝ հավելելով, որ ավելի նպատակահարմար է փայտը դրսից ներմուծել: