Այս փուլում ԼՂ հարցում որևէ լուրջ շարժ ակնկալել պետք չէ. քաղաքագետ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում դեռևս որևէ լուրջ փոփոխություն չի ակնկալվում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կարելի է ակնկալել որևէ լուրջ շարժ: Մինսկի խմբի մոնիթորինգները, հետաքննական, վերահսկման մեխանիզմները միտված են բռնությունների զսպմանը, ոչ թե հակամարտության կարգավորմանը»,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց նաև, որ միշտ խոսվել է բանակցային գործընթացը վերականգնելու մասին:
«Ցանկանում են բանակցային գործընթացը պահպանել, քանի որ այն անհրաժեշտ է»,- ասաց նա՝ միաժամանակ նկատելով, որ հիմա հիմնախնդրի կարգավորմանը սպասելն անիրատեսական է:
«Ընդամենը պետք է ցույց տալ, որ կարգավորման գործընթացը շարունակվում է»,- ընդգծեց Ալեքսանդր Իսկանդարյանը: