«Հայաստան-Սփյուռք» համաժողովը լուրջ չէր, ներկայացված զեկույցները «շաբլոն» էին
Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովից մեծ ակնկալիքներ չուներ: Նա լուրջ չի համարում աշխարհի հայերին մի հարցի շուրջ միավորելը:
«Կազմակերպել համաժողով և փորձել սփյուռքին մեկ միասնական մարմին դարձնել, կարելի է անել ինչ-որ տեղ Իրանում կամ Լիբանանում: Իսկ մնացած երկրներում ես չեմ պատկերացնում, թե ինչպես դա կարելի է անել…Նրանց բոլորին հավաքել և համախմբել մեկ գլխարկի տակ և ստեղծել մեկ մեխանիզմով աշխատող միություն, շատ դժվար է»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ պաշտոնյաների կողմից համաժողովին ներկայացված զեկույցները «շաբլոն» էին:
«Անգամ քննարկումները նորություն չէին… Թվերի մասին չեմ կարող խոսել, բայց, կարծեմ, այս անգամ մասնակիցների թիվը մեծ էր: Բայց, ամեն դեպքում, թիվը լուրջ ազդեցություն չի ունեցել համաժողովի վրա»,- ասաց նա: