Վերնիսաժում տեղի ունեցածն Ալավերդու ընտրությունների հետ կապ չունի. Լոռու մարզպետը հերքում է
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկ Վերնիսաժում հնչած կրակոցների պատճառը նախապատմություն ունի: Մահափորձ կատարողներից մեկը՝ Վահագն Աբգարյանը, ով վիրավորվել է, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմակիցներից է:
Ըստ մամուլի՝ 2015-ին Ալավերդու ընտրություններին հիմնական թեկնածուները մարզպետի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայր՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթել է մարզպետի թեկնածուն, որից հետո Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը սպանել էր Ալավերդու բնակիչ Վարդան Ավագյանին և Էդուարդ Պողոսյանին: Վերջիններս հենց Վահագն Աբգարյանի թիկնապահներն էին:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, սակայն, Tert.am-ին տված հարցազրույցում հերքել է այն տեսակետը, թե «ալավերդյան վենդետան եկավ, հասավ Երևան»:
«Դրա պատասխանը պետք է իրավապահները տան, ես ի՞նչ պատասխան պետք է տամ»,- նշել է Լոռու մարզպետը՝ հավելելով, որ դա իրականությանը չի համապատասխանում ու չի կարող համապատասխանել: