ՄԻԵԴ-ը հրապարակել է ևս մեկ որոշում Հայաստանի դեմ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 14-ին հրապարակել է Մաթևոսյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշումը։
Ալիկ Մաթևոսյանը դատապարտվել էր ծառայակցին սպանելու մեղադրանքով, ՄԻԵԴ էր դիմել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ու բողոքել, որ պետությունը պատշաճ քննություն չի իրականացրել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքի փաստով։
Նշվում է, որ 2006թ․-ին Մաթևոսյանը գտնվում էր զինվորական ծառայության մեջ։ 2006թ․-ի մայիսի 2-ին Մաթևոսյանը հարցաքննվել է զինծառակից Աղվան Հարությունյանի սպանության գործով ու տեղափոխվել, մեկ այլ ծառայակցի՝ Ռաֆիկ Հարությունյանի հետ միասին:
Մաթևոսյանը ՄԻԵԴ-ում, հենվելով կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, բողոքել է, որ իրեն մայիսի 1-ին տեղափոխել են ռազմական ոստիկանություն, որտեղ նա մնացել է մինչև մայիսի 20-ը, որի ընթացքում իրեն ենթարկել են խոշտանգումների, ծեծել են ու ստիպել ընդունել սպանությունն ու սպառնացել են։
Մաթևոսյանը 2007թ․-ին դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման, և ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ խոշտանգումների արգելում։