«Էս էլ հո Մալաթիայի շուկան չի՞». Փաշինյանը պահանջեց հանել բացակա պատգամավորների քվեարկությունը
«ՀՀԿ-ականների այդ վերջին շարքում 5 հոգով 8 հոգու տեղ են քվեարկում»: Այսօր ԱԺ նիստի մեկնարկին իր վրդովմունքը հայտնեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատել էր, որ Հանրապետական խմբակցության մի շարք պատգամավորներ քվեարկել են բացակա ընկերների փոխարեն:
Նիկոլ Փաշինյանը պահանջեց հանել բացակա պատգամավորների քվեարկությունը: «Ելք»-ի մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հորդորեց երաշխավորել, որ ամեն քվեարկությունից հետո քվեարկության պատկերը կպահեն էկրաններին, ապա առաջ կանցնեն:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նկատողություն արեց կուսակիցներին՝ հիշեցնելով, որ կարող են քվեարկել միայն այն պատգամավորի փոխարեն, ով գրավոր թույլտվություն է տվել: Սակայն նկատողությունը Նիկոլ Փաշինյանին չբավարարեց և նա տեղից արձագանքեց. «Հանեք բացակա պատգամավորների քվեարկությունը, էս էլ հո Մալաթիայի շուկան չի՞, որ կարգուկանոն անեն»,- ասաց Փաշինյանը: