Գորիսի քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել. hraparak.am
hraparak.am-ի տեղեկություններով՝ Գորիսի քաղաքապետը հրաժարականի դիմում է գրել:
Ըստ աղբյուրի՝ վերջին շրջանում խիստ լարված են եղել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում: Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ իր կամակատարները: Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։
Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվել, այժմ ուղիղ քաղաքապետին ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Այսքան ժամանակ Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել է, որ «ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, սակայն չի գրել եւ չի պատրաստվում գրել»։
Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ։ Ըստ ամենայնի, նա հույս է ունեցել հանդիպել մարզպետի վերադասի հետ եւ լուծել հարցերը, այդ մասին անգամ ասել է սյունյաց լրատվամիջոցին, սակայն հանդիպումը կամ չի կայացել, կամ եղել է ի վնաս քաղաքապետի եւ դիմումը գրվել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: