Հայաստանի պետական պատքը հատել է 6 մլրդ դոլարի սահմանը
2017թ-ի հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է շուրջ 6.202 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ ամսում (հունիսի վերջի համեմատ) պետական պարտքն աճել է մոտ 60.8 մլն դոլարով կամ 1%-ով, իսկ տարեսկզբի համեմատ պարտքն ավելացել է 259.5 մլն դոլարով կամ 4.4%-ով։
Դրամով հաշվարկած, ընդհանուր պարտքն ավելի քան 2.968 տրլն դրամ է, որից 2.386 տրլն դրամը արտաքին պարտքն է, 582.3 մլրդ դրամը՝ ներքին պարտքը։
2017թ-ի հունիսի վերջի դրությամբ՝ Հայաստանի խոշորագույն վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։ ՀԲ-ին է բաժին հասնում Հայաստանի արտաքին պետական պարտքի 35.8%-ը, որից 22.7 տոկոսային կետը Զարգացման միջազգային ընկերակցությանն ունեցած պարտքն է, 13.1-ը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկինը։
Երկրորդ խոշորագույն վարկատուն Ասիական զարգացման բանկն է: Հաջորդում է Արժույթի միջազգային հիմնադրամը։