«Չեմ հասկանում այս իրարանցումը». Շավարշ Քոչարյանը՝ զորավարժությունների մասին
Եթե Հայաստանը ՀԱՊԿ կողմից որևէ արգելք ունենար, ապա չէր մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Եթե մասնակցում ենք, ուրեմն արգելք չունենք»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Քոչարյանի՝ պարտադիր չէ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին մասնակցի, բայց ՆԱՏՕ-ի հետ մենք, ի տարբերություն մյուս ՀԱՊԿ անդամ երկրների, բավական լուրջ համագործակցություն ունենք:
Անդրադառնալով այս օրերին Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ Շավարշ Քոչարյանը նկատեց, որ նախկինում եղել են ավելի լայնածավալ զորավարժություններ, որոնց Հայաստանը մասնակցել է: Այս զորավարժություններն իրենց մասշտաբով ավելի փոքր էին, և որ այս զորավարժություններին մասնակցել-չմասնակցելու հարցը պետք չէր նման ձևով բարձրացնել:
«Ինչի՞ մասին է խոսքը, հարևան պետությունում տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որին մասնակցել է ընդամենը 5-6 պետություն: Ու այս պարագայում դա դարձնել եսիմ ինչ, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցել կամ չի մասնակցել, ես չեմ հասկանում այս իրարանցումը»,- ասաց նա: