«Հրապարակ». Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել ՀՀԿ-ական տեղակալից
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում ծանր են տանում, որ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որոշել է ազատվել իր տեղակալ, ՀՀԿ-ական փոխնախարար Խաչիկ Հակոբյանից, իսկ ՀՀԿ-ական իշխանությունը չի միջամտում:
«Եթե անգամ ինչ-ինչ չարաշահումներ գտած լինի Արծվիկը, դաշնակցականները չպետք է հանրապետականների հախից գան, վարչապետն էլ անտարբեր նայի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հայտնեց նաև, որ Մինասյանն առաջարկել է փոխնախարարին կամովին դիմում գրել՝ գնալ, բայց այդ հարցն իր որոշելու տիրույթում չէ՝ հիմա բոլորն սպասում են վերադասի որոշմանը:
2012 թվականից փոխնախարար աշխատող Խաչիկ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե աշխատանքից ազատման դիմում գրե՞լ է: «Ես աշխատանքից ազատման դիմում չեմ գրել»: Իսկ առաջիկայում ազատման դիմում գրելու ծրագրեր չունե՞ք: «Իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է՝ առաջադրված կուսակցության կողմից: Երբ որ որոշում կփոխվի, և որոշման մասին իմ կուսակցությունն ինձ կիրազեկի, կամ հանրապետության վարչապետը համապատասխան հանձնարարություն կտա, ես, շնորհակալություն հայտնելով, բնականաբար, կհեռանամ: Այս պահին չկա նման ցուցում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: