ԱԻՆ աշխատակիցներն օձի փոխարեն բնակարանում հայտնաբերել են սիրեկանին
911 ծառայությունում զավեշտալի զանգեր լինում են: Դրանցից երկուսի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը:
Դեպքերից մեկը եղել է ահազանգն այն մասին, ըստ որի դիմացի շենքի տանիքում մի աղջիկ կա, ով ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները շտապ արձագանքել են, սակայն պարզվել է, որ տանիքում գտնվող աղջիկն ընդամենն ականջակալները դրած երաժշտություն է լսում ու պարում:
Մյուս զավեշտալի դեպքը Հովհաննես Խանգելդյանը ցավով ներկայացրեց:
«Ահազանգ ստացանք, որ բնակարաններից մեկում օձ կա, բնականաբար, սահմանված կարգով արձագանքել ենք և ժամանել դեպքի վայր: Օձ, իհարկե, չի հայտնաբերվել, այնտեղ առկա էր երիտասարդ զույգ: Ըստ երևույթին, բարեկամներից մեկն է տեսել ու զանգել մեզ: Ցավալի դեպք է, իհարկե»,-ասաց Խանգելդյանը: