Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման վերաբերյալ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և դեսպան Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել։
Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի ընթացքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
ՄԽ հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում:
Հանդիպմանը քննարկվել է նաև շփման գծում ներկայիս իրավիճակը:
Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում: