էսկալացիան սպասելի էր և դեռ կշարունակվի, բայց սա պատերազմի սկիզբ չէ․ Իսկանդարյան
Այն, որ շփման գծում կլինեին կրակոցներ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կանխատեսում էր։ Այդ մասին նա ասաց NEWSPRESS.am-ի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ արցախա-ադրբեջանական շփման գծում ոչ մի նոր բան տեղի չի ունեցել․
«Ես էլի եմ առիթ ունեցել ասելու, որ էսկալացիան սպասելի էր․․․առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն իր զորքը տեղակայում է խաղաղ բնակչության շրջանում՝ վտանգելով նրանց։ Նման գործողություններ Ադրբեջանում հաճախ են լինում։ Իհարկե, ես ուրախ կլինեի սխալվել, բայց այս հարձակումները կկրկնվեն»,– նկատում է քաղաքագետն ու բացատրում, որ նման քայլով Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունն իրական փաստերից։
«Ամեն ինչ պարզելու մի տարբերակ կա, սակայն այդ երկիրը չի համաձայնում միջադեպերի հետաքննությանը, քանի որ միանգամից կպարզվի, որ ինքն է նախահարձակ է եղել։ Իհարկե, կան տեսագրություններ, որոնք հեղեղել են ամբողջ համացանցը, սակայն դրանք, փաստորեն, էական ազդեցություն չեն ունենում․․․»,– նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Մյուս կողմից էլ նա նկատում է նաև, որ Ադրբեջանը հաճախ է նման շահարկումներով ներքաղաքական հարցեր լուծում։ «Մամուլը հրապարակել է նյութեր, սպանված երեխայի լուսանկարն են ցուցադրել։ Այս տարբերակը շատ լավ է աշխատում, բոլորը ցնցվում են, իսկ իրականությունն այդպես էլ ոչ ոք չի իմանում»,- ասաց քաղաքագետը:
Նա չի կարծում նաև, որ այս ամենը հնարավոր է կասեցնել։ Նման օրինակ չունի իր առաջ։
Ամեն դեպքում այս գործողությունները, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի, պատերազմի նախապատրաստություն չեն. «Պատերազմի նախապատրաստությունն այսպես չի լինում: Երբ նախապատրաստվում ես պատերազմի, լուռ ես մնում, որ հակառակորդին անակնկալի բերես, բայց հիմա աղմուկը մեծ էր»։