Մոսկվան կոչով դիմել է ղարաբաղյան հակամարտության կողմերին
Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին իրավիճակը կայունացնելու բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել։ Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ղարաբաղյան հակամարտության կողմերից ստացած տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 4-ի երեկոյան հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման հերթական խախտումն է արձանագրվել, որը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասել է Զախարովան։
«Անթույլատրելի ենք համարում հետագա արյունահեղությունը։ Կողմերին կոչ ենք անում իրավիճակի կայունացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։ Սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն այն մասին, որում ընդգծվում է բռնության դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը»,- նշել է նա։