Երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ․ Շավարշ Քոչարյան
Խնդիրը ոչ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ այն, որ նա կատարի ստանձնած պարտավորությունները:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Խնդիրն այն է, որ նա համառորեն արհամարհում է իր ստանձնած պարտավորությունները, գործում է հակառակ միջնորդների կոչերին, հորդորներին: Դա նաև պարտադրում է միջնորդներին գնահատական տալ այդ երկրի նկատմամբ», – ընդգծեց Շավարշ Քոչարյանը:
Նրա դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի համար պետք է լինի համապատասխան մթնոլորտ առանց որի բանակցություններում առաջընթաց չի կարող լինել:
«Պատահական չէ, որ Վիեննայում հենց այդ մասին էինք խոսում, որովհետև երբ կրակում են, սադրանքներ են կազմակերպում, ինչպե՞ս կարելի է բանակցային սեղանի շուրջ գնալ առաջ: Պատահական չէ, որ անընդհատ հնչում է այն թեզը, որ Ադրբեջանը չի կատարել Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ստանձնած պարտականությունները», – նշեց Շավարշ Քոչարյանը: