Ադրբեջանին ցանկացած զենքի մատակարարում բացասական է. Վիգեն Սարգսյան
«Ադրբեջանին ցանկացած զենքի մատակարարում բացասական է՝ լինի ռուսական, թուրքական, իսրայելական»։
Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանին զենքի մատակարարմանը։
«Զենքի մատակարարում բացասական է առաջին հերթին այն պատճառով, որ այդ երկիրն անկանխատեսելի է, և բացակայում են ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմները»,-նշեց նախարարը և հավելեց․ «Եթե որևէ պաշտոնյա Հայաստանում ասի, որ ոգևորված կլինի, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ նա անկեղծ չի լինի ձեզ հետ»։
Նա նկատեց նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի փոխգործակցության մեծ ծրագիր։
«Մենք բավարարված ենք դրանով, թե ինչպես է իրականացվում։ Դա հավակնոտ ծրագիր է, որ պարբերաբար ընդլայնվում է, և պետք է ասեմ, որ խնդիրները, որ բարձրացնում ենք, շատ ավելի երկարատև ու կայունացնող են, քան այս կամ այն քանակի զինամթերքի մատակարարումը»,-նշեց նախարարը: