Թմրամիջոց գործածող անչափահասների թիվն ավելացել է
Թմրամիջոց գործածող 16-17 տարեկաններն ավելացել են։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով տեղակալ Ասյա Գրիգորյանը։
Հայաստանում 2017 թվականի ապրիլի 1-ի դրությամբ դիսպանսերային դիտարկման մեջ է թմրամիջոց գործածող 6010 մարդ: Դրանց մեջ 2343-ը օփիոդների գործածողներ են, 3665 կանաբիոիդների, 2-ը՝ կոկային:
Ասյա Գրիգորյանի խոսքով՝ վերջին 7-8 տարիների ընթացքում ամեն տարի աճ է եղել 9 տոկոսով, իսկ 2016-17-ի անցումը կազմել է 10 տոկոս։ Ինչ վերաբերվում է տարիքային սանդղակին, ապա ավելացել են 16-17 տարեկանները։
«16 տարեկան 3 հոգի ունենք, 18 տարեկան՝ 91, իսկ 19-27 տարեկանների թիվը հասնում է 557-ի: Հիմնական թիրախային տարիքը համարվում է 28-49 տարեկանը, որոնք կազմում են 3806: 65 տարեկանից բարձր 60 անձ կա: Կանանց թիվը թմրամիջոց գործածողների մեջ ևս ավելացել է, կանաբիոիդներ գործածող 3 կին կա՝ 17-18 տարեկանի սանդղակում, 29 տարեկան՝ 11 գործածող»,- ներկայացրեց Ասյա Գրիգորյանը:
ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանն ասաց, որ բուժական ծախսերը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում են առողջապահության նախարարության կողմից, կա բուժման երկու ձև, կամավոր և պարտադիր: