2-3 տարի անց զարկ կտանք գյուղատնտեսությանը. Իգնատի Առաքելյան
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման կիրառում։
Այդ մասին հայտնեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության այսօրվա միստում։
Նա նշեց, որ այդ կերպ գրեթե կբացառվեն կարկտահարության վնասները, կբարձրանա ապահովագրության համար գրավչությունը, կբարելավվի բերքի որակը, կավելանան տնտեսավարողների եկամուտները: Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է ստեղծել հակակարկտային պաշտպանության համակարգի առավել արդյունավետ և փոխլրացնող համակարգ՝ ներառելով նաև հրթիռային պաշտպանության ժամանակակակից միջոցներ:
«Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է ապահովագրական համակարգի ներդրմամբ միշտ և թիրախային ներդրումների հոսք ապահովել: Այն կունենա կրկնակի էֆեկտ՝ կբարձրացնենք գյուղատնտեսության ոլորտի արդյունավետությունը և կապահովենք նոր ներդրումներ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է 2018 թվականից սկսել ապահովագրական համակարգի փորձնական ծրագրի կիրառումը»,-ասաց նախարարը։
Թվարկված ծրագրերից զատ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հնարավորություններ ստեղծվի փոքր ու միջին գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի նրանք միավորվեն և մեկ ապրանքանիշի անվան ներքո արտահանեն իրենց արտադրանքը:
«Ծրագրերը միտված են ոլորտում իրականացվող համակարգային զարգացումներին, որոնք մեզ հնարավորություն կտան 2-3 տարի անց ունենալ անհրաժեշտ և բավարար հիմք, որպեսզի մեր երկրում զարկ տանք արդյունաբերական, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ մասնագետներով համալրված գյուղատնտեսությանը»: