Վարչապետը հանձնարարեց լուծում տալ Արթիկում փլուզված բնակելի շենքի բնակիչների խնդրին
«Ինձ զեկուցեցին, որ Արթիկ քաղաքում գիշերը վթարվել է բնակելի շենք: Պարոն Լոքյան, կարո՞ղ եք մեզ ինֆորմացիա փոխանցել»:
Կառավարության այսօրվա նիստն այս հարցադրմամբ դիմեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ բնակելի շենքը քարաթափվել է և ճաք է առաջացել։ Բնակիչները տարհանվել են գիշերը ժամը 02:00-ին, մարզպետը տեղում է եղել:
«Հիմա իրենք ապրում են այլ տարածքներում, ես կխնդրեի, որ արագ ուսումնասիրություն իրականացվի և լուծում տրվի այդ ընտանիքների խնդրին, ովքեր մնացել են դրսում»,-ասաց նախարարը:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց, որ տարհանելուց հետո 11 ընտանիք վերադարձել է իրենց տներ, ինչը նախարարը սխալ համարեց։ «Դա չի վերահսկվել մեր կողմից, չեմ կարծում, որ վերադարձը ճիշտ էր: Շենքը վթարային է»,-ասաց Տոնոյանը:
«Կառավարության նիստից հետո հարցը կքննարկենք միասին, որ լուծումները տանք»,-եզրափակեց վարչապետը։