«Մեր դարդով ու ցավով մի’ տապակվեք». Էդմոն Մարուքյանը՝ ՀՀԿ-ին
«Մեզ հետ չհամեմատվեք. գիշեր-ցերեկ երազում եք տեսնել «Ելք»-ին պառակտված»:
Ազգային ժողովում Կառավարության 2017-2022 թթ ծրագրի քննարկման ժամանակ ասաց Ելք-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ իր խոսքն ուղղելով ՀՀԿ-ին:
«Մեր դարդով ու ցավով մի’ տապակվեք»,- ասաց նա:
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հորդորեց. «Մի փոքր համբերեք` մինչև 18 թվական»:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը, սակայն նրա խոսափողը չէին ուզում միացնել, ինչին Գորգիսյանը արձագանքեց. «Մի’ միացրեք, իմ ձայնը բավականին բարձր է»:
Երբ նրա խոսափողը միացրեցին, նա շարունակեց. «Պարո՛ն Բաղդասարյան, ի տարբերություն ձեզ, մեր նորընտիր պատգամավորները մասնակցել են քարոզարշավին և ունեն հեղիանակություն և իրենց վստահված ձայներով են ընտրվել: Մենք քայլել ենք պադյեզդներով և չենք վախենում»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ հայտարարեց, թե, հետևել է վարչապետի հորդորին և փաստերով է եկել:
«Ընտրակեղծարարությունը հաստատող փաստաթղթեր, որոնք ձեռք ենք բերել աղբարկղից: Անուն-ազգանուներով, հեռախոսի համարներով, հասցեներով… Իրավապահներին ենք փոխանցել, և, եթե ծածկադմփոց չարվի, կազատազրկվեն նաև մարդիկ, ովքեր նստած են այստեղ»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց հանդարտեցնել կրքերը: «Հանգիստ, բոլորս էլ ունենք ժողովրդի վստահությունը և ընտրվել ենք, որ ծառայենք ժողովրդին, եկեք` ծառայենք»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վեճը սկսվել էր Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից, երբ նա հիշեցրել էր «պադյեզդների վտանգավոր պատմությունը»: