Նոր մանրամասներ՝ Տուլայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավոր քաղաքացիների մասին
Երեկ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով՝ բախվել են «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և երթուղային միկրոավտոբուսը (որում եղել է 20 ուղևոր), տուժել են նաև Հայաստանի քաղաքացիներ:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վիրավորներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը` Տուլայի քաղաքային հիվանդանոց: Ստուպինոյի հիվանդանոցում գտնվող 6 տուժածից 3-ը ստացել է ամբուլատոր բժշկական օգնություն և դուրս գրվել, իսկ մյուս 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուլայում բժշկական օգնություն ստացող 3 տուժածից 2-ը երեխա է: Նրանց բուժօգնությունն իրականացվում է Տուլայի հիվանդանոցում, երեխաներինը՝ Տուլայի շրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում և Տուլայի Վանիխինի անվան հիվանդանոցում: 2-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, երեխաներից մեկինը՝ միջին ծանրության:
Նշենք, որ բոլոր տուժածները հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն ու սպասարկում:
ՀՀ առողջապահության նախարարությունը մշտական կապ է պահպանում Ռուսաստանի Դաշնության համապատասխան բժշկական կազմակերպությունների հետ: