«Մի՞թե Ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը». Կապանի բ/կ-ից հրաժարվել են երեխային Երևան տեղափոխելուց
Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ս/թ հունիսի 9-ին օձի խայթոցից թունավորմամբ Քաշաթաղի շրջանի Կովսականի տեղամասային հիվանդանոց է տեղափոխվում Վարդաբաց գյուղի բնակիչ, 8-ամյա Արման Գևորգյանը, որը ստանում է առաջին բուժօգնությունը: Սակայն հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատանում է և Կովսականի տեղամասային հիվանդանոցի գլխ. բժիշկ Լուսինե Սարգսյանը, իր անձնական մեքենայով երեխային տեղափոխում է ՀՀ ք. Կապանի բժշկական կենտրոն:
Քանի որ երեխայի վիճակը ծանր է լինում, անհրաժեշտություն է առաջանում երեխային տեղափոխել հատուկ շտապ օգնության մեքենայով Երևան, որի համար պահանջում են 160.000 դրամ: Բժշկուհի Լուսինե Սարգսյանը խնդրում է երեխային անհապաղ տեղափոխել, խոստանալով, որ ինքը կգտնի այդ գումարը և անպայման կվճարի, սակայն այնտեղից պատասխանում են, որ ծառայությունը վճարովի է և չեն կարող: Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը իր անձնական միջոցներից հասցնում է այդ գումարը և երեխային տեղափոխում են Երևան՝ Կենտրոնական հոսպիտալ: Այժմ Արմանի վիճակը նորմալ է:
Հարց ՀՀ առողջապահության նախարարին և Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկին – Մի՞թե Ձեր համար ոչինչ չարժե մեր ապագա զինվորի կյանքը»: