«Ժողովուրդ». «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում փոփոխություններ են սպասվում. պայմանն այլ է եղել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմում մինչև տարեվերջ հնարավոր են փոփոխություններ: Բանն այն է, որ պատգամավորական մանդատների հայտնի սկանդալից հետո Ծառուկյանն իր դեմ ըմբոստացածներից մի քանիսին պատգամավորական մանդատը թույլատրել է վերցնել ժամանակավորապես. սա այն բանից հետո, երբ դաշինքի այդ ներկայացուցիչները Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել են, թե իրենք բանկերի հետ կապված լուրջ վարկային խնդիրներ ունեն, ընդհուպ մինչև սնանկացման եզրին են կանգնած, և մանդատը նրանց կարող է պաշտպանել ոտնձգություններից:
Ծառուկյանն էլ ընդառաջել է նրանց խնդրանքը, և պայմանավորվածություն է եղել՝ այդ խնդիրները լուծելուց հետո նոր վայր կդնեն մանդատները: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ենթադրվում է, որ խնդիրները պետք է լուծվեն մինչև տարեվերջ:
Մեկնաբանությունների համար դիմեցինք ԱԺ «Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին, որն ասաց. «Նման հարցեր մեր շարքերում այս պահին չեն քննարկվում, և եթե նման գործողություն լինի, ապա դա կլինի հրապարակային»»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։