«Առավոտ». «Սե՞րժն ա թագավոր նստելու, թե՞ Կարենը»․ Կարեն Կարապետյանը նույնպես երբեմն «բռնկվում է»
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ի՞նչ կարելի է հարցնել վարչապետին (ի դեպ, անկախ Հայաստանի պատմության մեջ ցանկացած վարչապետի՝ ընդուպ մինչեւ հաջորդ տարվա ապրիլը), եթե ոչ մի տնտեսական ցուցանիշ քեզ հասու չէ, եւ որեւէ նման թեմայով անգամ մեկ նախադասություն կարդալու ցանկություն չունես: «Բա ե՞րբ են ձեզ հանելու», կամ, ավելի մեղմ, «ե՞րբ եք դուք հրաժարական տալու»: Դրանից սովորաբար «հարցազրույց» չի ստացվում, որովհետեւ վարչապետի պատասխանները կարճ են, միավանկ, եւ ոչ մի հետաքրքիր «ծալք» չեն պարունակում:
Իհարկե, Կարեն Կարապետյանը նույնպես երբեմն «բռնկվում է», եւ այդ դեպքում հետաքրքիր է դառնում: Բայց եթե այստեղ լրագրողներին անհաջողություն է սպասում, ապա վարչապետի թեմայով ինչ-որ մի նյութ սարքելու «ռեզերվներ» դեռ կան, որովհետեւ կարելի է խոսակցությունը շարունակել հետեւյալ երկու ուղղություններով՝ «Ճի՞շտ է, որ դուք հակասություններ ունեք նախագահի հետ», եւ՝ «Դուք վարչապետ մնալո՞ւ եք 2018 թվականի ապրիլից հետո»: Եվ այդ հարցերը երեւի հետաքրքրում են հասարակության որոշակի շերտերին՝ «Սե՞րժն ա թագավոր նստելու, թե՞ Կարենը»: Պարզապես ինձ թվում է, որ հաճախ մենք՝ լրագրողներս ենք այդ լյումպենական մակարդակի հետաքրքրությունը ստեղծում:
Այդպիսին է նաեւ «անալիտիկան»: «Ծայրահեղ սրվել են հարաբերությունը նախագահի եւ վարչապետի միջեւ»: «Սերժ Սարգսյանն այդ հարցում խորհրդավոր լռություն է պահպանում»: Կամ հակառակը՝ «Նախագահն ասել է, որ նման խնդիր չկա: Բա ինչո՞ւ է ասել, եթե ոչ մի բան չկա: Եթե ոչ մի խնդիր չլիներ, չէր ասի»: Այդպես կարելի է անվերջ «վերլուծել»: Դա ինձ հիշեցնում է Ժվանեցկու մանրապատումը մեծ եւ փոքր խեցգետինների մասին՝ համապատասխանաբար 5 եւ 3 ռուբլով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։