Հովիկ Ավետիսյանը հերքում է Հակոբ Նազարի-Դեխնավիի մեղադրանքները
Newspress.am կայքում 06․06․2017թ․ հրապարակված «Դիմում-բողոք՝ Արթուր Դավթյանին և Գեորգի Կուտոյանին» հոդվածի առնչությամբ Հովիկ Ավետիսյանը կապ հաստատեց խմբագրության հետ և դիմում-բողոքում հրապարակված՝ իրեն առնչվող փաստերը որակեց հերյուրանք։
«Նշեմ, որ այն հատվածը, որտեղ ընդգծված է, որ ես՝ Հովիկ Ավետիսյանս, Հակոբ Հրանտի Նազարի-Դեխնավիին որևէ առնչություն եմ ունեցել, պարզապես հերյուրանք է։ Նյութում նշված է, որ «Մաքսատան կադրերի վարչության պետ Հովիկ Ավետիսյանից ստացել եմ մաքսատան պետի մերժողական պատասխանն արտահանման համար»։ Նշեմ, որ բացարձակ նման բան չի եղել, ուղղակի հորինվածք է։ Ես ապշել եմ, բացարձակ նման բան չի եղել, եթե լրացուցիչ հարց ունեք, պատրաստ եմ պատասխանելու։ Ես բացարձակ կապ չունեմ նյութում նշված տեղեկությունների հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Հ. Ավետիսյանը և հավելեց, որ ինքը կադրերի բաժնի պետն է եղել, իսկ ՊԵԿ-ն ուներ ընդհանուր բաժին, որի հետ էլ լուծվում են նմանատիպ հարցերը։
«Իսկ այն, որ նշված է, որ արտահանման համար 100 դոլար մեկ տոննային փող եմ պահանջել, նշեմ, որ դա պարզապես հորինվածք է, և արտահանումն իմ գործառույթների մեջ չի մտնում»,- ասաց նա։
«Կարող եմ վստահաբար շեշտել, որ նյութում նշված փաստերը խեղաթյուրել են իրականությունը, և ես չգիտեմ՝ ինչ նպատակով։ Պարզապես ես որևէ իրավասություն չունեի Հակոբ Նազարի-Դեխնավիին առաջարկություն ներկայացնելու»,- շեշտեց Հովիկ Ավետիսյանը։
«Եթե նա շարունակի իմ հասցեին նման հերյուրանքներ տարածել՝ ես կդիմեմ համապատասխան ատյաններին, որպեսզի չարատավորվի իմ բարի համբավը»,- եզրափակեց Հովիկ Ավետիսյանը։