ԵԱՀԿ ՄԽ-ն չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը․ Էրդողան
ԵԱՀԿ Մինսկի խումբն այդպես էլ չկարողացավ լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Այդ մասին երեկ Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հարցը։
Թուրք առաջնորդը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, որոնք հանդիսանում են նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներ, անհամաձայնեցված են գործում։
«Երբ այդ երկրներից մեկը հանդես է գալիս հակամարտության լուծման օգտին, մյուսները վետո են դնում դրա վրա։ Եվ դա հակամարտության լուծման գլխավոր խոչընդոտն է»,- Էրդողանի խոսքը մեջբերում է թուրքական Haber7 հեռուստաալիքը։
Թուրքիայի նախագահն իր հարցազրույցում նաև ընդգծել է, որ հակամարտության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չի արդարացրել իրեն և կարելի է համարել այն ոչ էֆեկտիվ։