Այս տարի Արցախում սպասում են երկնիշ տնտեսական աճ․ Արցախի վարչապետ
2017թ-ին Արցախում սպասում են երկնիշ տնտեսական աճ, երկրում հիդրոէնեգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտում բավականին ներդրում են իրականացվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ նախորդ տարի երկիրը գրանցել է շուրջ 9 տոկոս տնտեսական աճ։
Ա․ Հարությունյանը նշել է, որ 2016թ-ին հիդրոէլեկտրակայաններ են սկսել իրենց աշխատանքը, նաև Կաշենի հանքն է հանձնվել շահագործման։
<Արցախը դարձել է այնպիսի երկիր, որը ոչ միայն բավարարում է սեփական էլեկտրաէներգիայի պահանջարկը, նաև նախատեսում է ավելացնել արտահանման ծավալները»,- ասել է վարչապետը և փոխանցել է, որ Արցախը հաջողություններ ունի շինարարության ոլորտում, աճել է շինարարության ծավալները։
Վարչապետը անդրադարձել է նաև հյուրանոցների խնդրին, նշել է, որ ներդրումների հնարավորություն կա, սակայն ծանրաբեռնվածությունը ողջ տարվա կտրվածքով չի լինում։
Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա, ըստ Ա․ Հարությունյանի, ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի տնտեսությունը որոշակի խնդիրներ է ունեցել, ներդրողները հետաձգել են իրենց ծրագրերն Արցախում, սակայն կան ներդրողներ, որոնց համար ապրիլյան պատերազմը ներդրումների համար խոչընդոտ չի հանդիսացել․ շարունակում են ներդրումները: