«Ժամանակ». Առողջապահության նախարարի դեմ բողոքի ալիք է հասունանում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հակածխախոտային պայքարի շուրջ բարձրացված աղմուկը դեռ չմարած, նախարարի դեմ սկիզբ է առնում բողոքի նոր ալիք: Լևոն Ալթունյանը մտադրվել է լուծարել ուսանողական պոլիկլինիկան, ինչը սվիններով է ընդունվել պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից: Նրանք դա համարում են Ալթունյանի հերթական անձնական բիզնեսի շահերին ուղղված ծրագիր: Համարում են, որ այդ կերպ փորձում է զարկ տալ իրեն պատկանող Վարդանանց բժշկակական կենտրոնի բիզնեսին և այն ուսանողները, որոնք հետազոտվելու էին այս պոլիկլինիկայում, լուծարվելուց հետո տեղափոխվելու են Վարդանանց կենտրոն:
Մեզ հասած տեղեկություններով՝ աշխատակիցները պատրաստվում են առաջիկա օրերին հասցեական բարձրաձայնել խնդրի մասին ու հրապարակել Ալթունյանի նկրտումների մասին: Թե այսքանից հետո որքանով կհաջողվի Ալթունյանին արդարացնել վերանշանակումը և անցնցում աշխատել, դեռ պարզ չէ»: