«Ժողովուրդ». Վատ անակնկալ՝ ընտրակեղծարար տնօրենների համար
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների վրա: Ճիշտ է՝ հայաստանյան իրավապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրա, և ՀՀԿ օգտին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործած տնօրեններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀ-ում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի և մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը:
Թե ինչո՞ւ են դեսպանատներն ուզել այս տնօրենների անունները, դժվար չէ ենթադրել. նրանց անունը կհայտնվի սև ցուցակում, և այդ երկրները կարգելեն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր` մերժելով վիզայի տրամադրումը:
Հիշեցնենք, որ 2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներն աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից՝ դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Հիմա, փաստորեն, դեսպանատները պատրաստվում են վարվել ԱԺ ընտրությունների ժամանակ «աչքի ընկածների» հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօօրվա համարում