Մեր երկրում կա արդարության ճգնաժամ․ Նաիրա Զոհրաբյան
Դալանում բռնելով մի դատավորի, որ կաշառք է վերցնում և այդ շոուն հեռուստացույցով ցույց տալով դուք մեզ չեք համոզի, որ կոռուպցիայի դեմ պայքարում եք։ Այդ մասին ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկում է 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող դատախազների ու քննիչների համար տալ պաշտոնավարման հնարավորություն, միաժամանակ թույլ տալ օգտվել երկարամյա թոշակից:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ երբ ժամանակին իրենք ընդունեցին օրենքը, բարձրացրին նրանց թոշակները, նպատակը մեկն էր, որ դատական համակարգում կոռուպցիան նվազի: Սակայն այսօր խնդիրը մնում է չլուծված։ Նա նկատեց, որ իրենց ուղղված նամակների 90 տոկոսը վերաբերում է դատական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունը։
«Դուք վիճակագրությունը ներկայացրեք։ Ընդհանրապես քաղաքացիների շրջանում վիճակագրություն արե՞լ եք, թե ինչից են դժգոհ․․․1,5 մլն աղքատության ցուցանիշ ունեցող երկրում մարդիկ չեն ասում, որ իրենք աղքատ են, չեն դժգոհում իրենց սոցիալական վիճակից, այլ դժգոհում են արդարության պակասից․․․մեր երկրում կա արդարության ճգնաժամ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով զեկուցող՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին,- «Երբ ես ասում եմ՝ բարձր աշխատավարձն արդարացվա՞ծ է, թե՞ ոչ, Դուք պատասխանում եք․․․»,-ասաց Զոհրաբյանը, որից հետո նրա բարձրախոսը անջատվեց։