Մեր քաղաքականության մեջ «քցող»-«քցվողի» հարաբերություններ են
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը համամիտ չէ այն տեսակետին, թե խորհրդարանական ընտրություններում չկարողանալով հաջողության հասնել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «ՕՐՕ» դաշինքն անցավ ընդհատակ։
Նա NEWSPRESS.am–ի հետ զրույցում նշեց․ ՕՐՕ-ն հայտարարել է, որ գնում է արձակուրդ, և դա գաղտնիք չէ։ Ըստ Ազատ Արշակյանի՝ լուծարման կամ հետագա գործունեության համար անհրաժեշտ է, որ դաշինքին միացած բոլոր կուսակցությունները համագումար հրավիրեն և ստեղծված իրավիճակին համարժեք փոփոխություններ անեն, իսկ այս գործընթացը ժամանակ է պահանջում։
«Ես չգիտեմ, թե արդյոք նո՞ւյն կազմով նույն դաշինքը կվերակենդանանա, կվերաձևավորվի, բայց ես համարում եմ, որ դրանք դեմոկրատական կազմակերպություններ են, և կան հետընտրական պրոցեսներ, որոնք բարդ են և աշխատանք են պահանջում»,-նշեց Ազատ Արշակյանը։
Ինչ վերաբերում «Ծառուկյան» դաշինքի շուրջ կատարվող իրադարձություններին, ապա Ազատ Արշակյանն ավելորդ է համարում դրանք մեկնաբանել, քանի որ կատարվածը քաղաքական պրոցես չի համարում։
Նրա խոսքով՝ այս դաշինքում քաղաքական գործիչներ շատ քիչ կան, և հիմնականում այստեղ հավաքվել են քրեաօլիգարխիկ անձնավորություններ, ովքեր ունեն բոլորովին այլ արժեքային համակարգ և հարաբերություններ։
«Ռազբորկաներ են անում, և դրան բացատրություն չկա։ Այսինքն՝ այն չափորոշիչները, որոնք ունեն քաղաքական կառույցները, այդտեղ բացակայում են։ Դա իրենց արժեքային համակարգին հարիր է․ տեղի է ունեցել «քցում»։ Իրենց անուն-ազգանունով, իրենց նկարով, կենսագրությամբ՝ մարդիկ փորձել են «քցել» են անձամբ Ծառուկյանին»,- ասում է մեր զրուցակիցն ու նկատում, որ չգիտի, թե որքանով է դա ստացվել, և չգիտի, թե ինչ կանի Ծառուկյանը, բայց մի բան, գոնե նրա համար, ակնհայտ է՝ դրանք «քցող»-«քցվողի» հարաբերություններ են, որը մեր քաղաքականության մեջ է։