Միֆ է, որ Տարոն Մարգարյանը լավ է կառավարում քաղաքը․ Ալեն Սիմոնյան
«Ելք» դաշինքի անդամ, ավագանու անդամի թեկնածու Ալեն Սիմոնյանը Զարուհի Փոստանջյանին հորդորում է իր խայթոցներն ուղղել ՀՀԿ-ին, քանի որ իրենց կողմից պատասխան չի լինելու:
Եվ ընդհանրապես, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ եթե Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաձայնի Նիկոլ Փաշինյանի հետ, ապա շատ բան կպարզվի։
«Կպարզվի, օրինակ, միֆ է, որ Տարոն Մարգարյանը լավ է կառավարում քաղաքը, կպարզվի, որ չի տիրապետում քաղաքի խնդիրներին: Ավելին՝ ձայների հաշվարկի ժամանակ կտրուկ փոփոխություններ տեղի կունենան՝ հօգուտ «Ելքի»»,-նշեց Սիմոնյանը։
Ասուլիսին ներկա, «Ելք» դաշինքից ավագանու թեկնածու առաջադրված Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ քարոզարշավի ընթացքում ավելի ու ավելի շատ մարդ է իջնում բակեր՝ «Ելքին» լսելու, ավելի շատ մարդիկ են պատուհաններից հետևում դաշինքի քարոզարշավին:
««Ելքն» իրական հաղթանակի հնարավորություններ ունի: Բոլոր հարցումներում շատ մեծ տարբերությամբ հաղթում է Նիկոլ Փաշինյանը»,- նշեց Տիգրան Ավինյանը: