ԵԼՔ դաշինքի անդամները և Գագիկ Ծառուկյանը մանդատների հանձնման արարողությանը չեն մասնակցել
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը նորընտիր պատգամավորներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնեց պատգամավորական մանդատները:
Մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկայացել էին նորընտիր խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորներ` բացառությամբ «Ելք» դաշինքի: «Ելք» դաշինքից ընտրված 9 պատգամավորներից որևէ մեկը մանդատների հանձնման արարողությանը չէր ներկայացել:
Արարողությանը ներկա չէր «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյան» դաշինքից միջոցառմանը ներկա էին Վահե էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Վարդան Ղուկասյանը, Կարինե Պողոսյանը և այլք:
ՀՅԴ-ի տարածքային և համապետական ցուցակներով ընտրված բոլոր 7 պատգամավորները ներկա էին միջոցառմանը և անձամբ ԿԸՀ նախագահից ստացան իրենց մանդատները:
Միջոցառմանն առավել ներկայացուցչական կազմով էր ներկայացել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Հանրապետական կուսակցության պատգամավորները գրեթե ողջ կազմով ներկա էին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությանը: