Տարոն Մարգարյանը համառորեն շարունակում է աղավաղել մեր քաղաքի տեսքը․ ահազանգ (ֆոտո)
«Ելք» դաշինքի կողմից ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իօր էջում տեղեկացրել է, որ այս պահին Օղակաձև զբոսայգու տարբեր հատվածներում շինարարություն է իրականացվում, որի մասին ահազանգում են բնապահպանները:
«Նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել շինթույլտվությունների պատճեններն ու քաղաքապետարանի բնապահպանական հանձնաժողովի եզրակացությունը՝ այդ թույլտվությունների հիմնավորված լինելու մասին»,- գրել է Բախշյանը։
Ավելի վաղ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես, ասված էր․
«Հրավիրում ենք բոլոր ԶԼՄ-ների ուշադրությունը։ Ավագանու ընտրություններին ընդառաջ Երևանի Օղակաձև զբոսայգում շարունակվում է կանաչ տարածքների հաշվին բետոնապատ ռեստորանների և շենք-շինությունների կառուցումը՝ հակառակ բնապահպանների և քաղաքացիների կոչերին և մտահոգություններին։ Այսպիսով, քաղաքապետի թեկնածու պարոն Տարոն Մարգարյանը, որը 2012 թվականից սկսած տխուր համբավ է ձեռք բերել Մաշտոցի պուրակում իր խայտառակ անճաշակ շինարարական նախաձեռնության դառը փորձով, այնուհետև Աֆրիկյանների տան, Ծածկած շուկայի, և մի շարք այլ հուշարձանների ոչնչացմամբ, համառորեն շարունակում է աղավաղել մեր քաղաքի տեսքը՝ զրկելով Երևանը կանաչ տարածքներից, իսկ քաղաքացիներին՝ մաքուր օդից։ Կոչ ենք անում բոլոր երևանցիներին դեմ դուրս գալ պարոն Տարոնի կոռուպցիոն գործարքներով «օրինականացված» ապօրինի շինարարության նմանատիպ նախագծերին, և ինչը ամենակարևորն է՝ ոչ մի դեպքում չքվեարկել Տարոն Մարգարյանի օգտին առաջիկա ընտրություններում»։
