«Ժողովուրդ». Իշխանության ներսում վերադասավորումները շարունակվելու են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ԿԸՀ-ն երեկ հրապարակեց պատգամավորի մանդատից հրաժարված թեկնածուների անունները: Ամենաշատը ինքնաբացարկ ներկայացրել են «Ծառուկյան» դաշինքից՝ 23 հոգի, 9-ը՝ ՀՀԿ-ից և 3-ը՝ ՀՅԴ-ից: Արդեն այսօր՝ ժամը 15:00-ին, ԿԸՀ-ն նիստ կգումարի և կքննի այդ դիմումները, կկազմի արձանագրություն՝ ԱԺ պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին:
Չնայած չի բացառվում, որ դեռ մինչև ԿԸՀ նիստը, էլի լինեն ինքնաբացարկ հայտնող թեկնածուներ. համենայն դեպս, օրենքը չի արգելում:
Բայց անկախ նրանից, թե ԿԸՀ-ն այսօր ում կտա մանդատ, ապագա խորհրդարանի կազմն առաջիկայում դեռ էլի է փոփոխությունների ենթարկվելու. բանն այն է, որ պատգամավոր գրանցվելուց, ԱԺ առաջին նիստին մասնակցելուց հետո թեկնածուներից ոմանց Սերժ Սարգսյանը կարող է գործուղել կառավարություն՝ նշանակելով նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում:
Այնպես որ, իշխանության ներսում վերադասավորումները դեռ երկար են շարունակվելու: Հնդկական ցածրորակ այս սերիալի մի քանի մասեր դեռ կըմբոշխնի հայ հասարակությունը:
Ի դեպ, ԸՕ 100-րդ հոդվածը սահմանում է, որ ինքնաբացարկի մասին դիմումները պետք է նոտարական կարգով վավերացված լինեն կամ դիմողն այն ներկայացնի ԿԸՀ անձամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում