Սերժ Սարգսյանը, Լավրովը, Պեսկովը, Ժիրինովսկին ու Կիրկորովը՝ Արա Աբրահամյանի տարեդարձին (ֆոտո, վիդեո)
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օրերս նշել է իր ծննդյան 60-րդ ամյակը մոսկվայաբնակ միլիոնատերերի սիրելի կառույցներից մեկում՝ «Սաֆիսա» ռեստորանում:
Բարձրաստիճան պաշտոնյա հյուրերի ցանկում եղել են նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հոբելյանին մասնակցել է նաև Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս շնորհավորական ուղերձ է հղել Աբրահամյանին՝ տարեդարձի առթիվ:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Աբրահամյանի ծննդյան օրվա առթիվ մի քանի ժամով Մոսկվա է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահին բեմից շնորհավորել են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիկոլայ Բասկովը և Ֆիլիպ Կիրկորովը:
Միջոցառման արդեն ավարտին սոցցանցերում հայտնվել են մի շարք հրապարակումներ հենց տարեդարձից: Դրանցից մեկը փոխանցում է Դմիտրի Պեսկովի և Վլադիմիր Ժիրինովսկիի շնորհավորանքները: «Պեսկովը մաղթեց Աբրահամյանին, որ նա վերջապես սովորի ռուսաց լեզուն, իսկ Ժիրինովսկին՝ որպեսզի Աբրահամյանի հաջորդ տարեդարձին Արցախը ճանաչված լինի բոլոր երկրների կողմից, և հայերը վերադարձնեն Արարատը»:

