«Ժողովուրդ». ՍԴ-ն կմերժի նաև «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը երեկ դիմել է Սահմանադրական դատարան` պահանջելով չեղարկել ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները:
Որպես ընտրություններն անվավեր հայտարարելու հիմնավորում՝ դաշինքի իրավաբանները ներկայացրել են ազատ կամարտահայտության սահմանափակումները, քվեարկության գաղտնիության խախտումները, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը և այլն: Իսկ որ նման երևույթներն ԱԺ այս ընտրություններում համատարած էին, հայտնի է ամենքին. բավական է միայն նշել, որ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի թվում էին այնպիսիք, որոնք հարուցվել էին քվեարկության գաղտնիությունը խախտելու համար:
Բացի այդ՝ այս դեպքերին նաև ընտրակաշառքի բաժանմանն իրենց զեկույցներում ու հայտարարություններում անդրադարձել են միջազգային դիտորդական առաքելություններն ու ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դեսպանատները: Չնայած պետք է նաև արձանագրենք, որ ՀՀ ՍԴ-ի համար վաղուց ի վեր կարևոր չեն, թե ընտրությունների արդյունքները բողոքարկելիս ի՞նչ փաստեր են ներկայացվում:
ՍԴ-ն, միևնույն է, մերժելու է նաև այս դիմումը, անկախ ընտրախախտումների բովանդակությունից ու ծավալներից, ինչպես մերժել է նախորդները: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանի ղեկավարած կառույցը վաղուց ի վեր դարձել է օրվա իշխանության սպասարկուն և կեղծված ընտրությունները «վավերացնողը». Գագիկ Հարությունյանն այդպես է վարվել և′ Լևոն Տեր-Պետրոսյանի, և′ Ռոբերտ Քոչարյանի, և′ հիմա Սերժ Սարգսյանի նախագահության օրոք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: