ՍՊԸ տնօրենի նկաատմամբ ավազակային հարձակումը կատարած անձանցից մեկը ձերբակալվել է. նոր մանրամասներ
ՍՊԸ տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ապրիլի 9-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձինք՝ դիմակավորված, մուտք են գործել Երևանի Կիևյան փողոցում գործող ՍՊ ընկերությանը պատկանող գրավատուն, ատրճանակի գործադրմամբ սպառնացել ընկերության տնօրենի նկատմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրել, ապա, հափշտակելով ընկերության դրամարկղում առկա գումարը, ինչպես նաև՝ տնօրենի պարանոցի ոսկյա շղթան իր խաչով, դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, պարզվել կատարված հանցագործության եղանակը։ Կասկածյալներից մեկը ձերբակալվել է և հարցաքննվել։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև երկրորդ անձի վերաբերյալ, ում հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։
Առգրավվել է գրավատան տարածքում առկա տեսագրությունների պահպանման սարքը և նշանակվել է դատահամակարգչատեխնիկական-դատատեսաձայնագրառման համալիր փորձաքննություն։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է նաև դատամատնադրոշմային փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։